ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Անկախության օրը կնշվի մեծ շուքով և, ինչպես խոստանում են կազմակերպիչները, այս տարի տոնը կառանձնանա մասշտաբով, վիթխարի միջոցառումներով ու անակնկալներով, որոնց թվում են սելֆիի ժամն ու էլեկտրոնային երաժշտությունը։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Պետք է նշել, որ «անակնկալների ժամը» սկսվեց տոնին նվիրված ասուլիսի ժամանակ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման համար հարթակ էր ընտրվել Հանրապետության հրապարակը, իսկ բոլորին հավաքել էին հրապարակի գորգի վրա առավոտյան ժամը 10-ին, որտեղ լրագրողները ստիպված էին կանգնել կիզիչ արևի տակ։ Խոսնակները եկան 15 րոպե ուշացումով։
Այն հարցին, թե մամուլի ասուլիսի մասնակիցներին դո՞ւր է գալիս այն փաստը, որ լրագրողները ստիպված են կանգնել կկոցած աչքերով, Աղաջանյանը պատասխանեց` ոչ։ Իսկ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի համար կիզիչ արևը խոչընդոտ չէր։
Միգուցե Մովսիսյանը մտածել էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց նրա ոչ բոլոր մտահղացումները դուր եկան լրագրողներին։ Ծածկի բացակայությունը, մամուլի ասուլիսի մասնակիցների համար պատրաստված անհասկանալի բեմը խանգարում էին լրագրողների աշխատանքին։
Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, ապա բոլոր առանցքային իրադարձությունները, իհարկե, տեղի կունենան կենտրոնական հրապարակում։ Տոնը կանցկացվի «Դու անկախ ես» կարգախոսով։
«Յուրաքանչյուր ոք այդ օրը կզգա իր անկախությունը։ Այս տարի կլինեն բազմազան միջոցառումներ։ Ունենալու ենք մարզերից ներկայացված ծրագրեր։ Կունենանք հյուրեր Արցախից, ինչը մեզ համար շատ ուրախալի է», — ասաց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Նախարարը նշեց, որ նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել են «սելֆիի ժամ»։ Քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ։
Հանրապետության հրապարակում միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին կավճանկարչության միջոցառումներով, որին կմասնակցեն 2000 աշակերտ։
«Քաղաքում կտեղադրվեն 10 բեմ, որոնցից յուրաքանչյուրում երաժիշտները կնվագեն իրենց երաժշտությունը` էլեկտրոնայինից մինչև ժողովրդական», — ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։
Այդ օրը վարչապետի նստավայրում տոնի կապակցությամբ կկազմակերպվի ընդունելություն։ Միջոցառումների համար նախատեսված է 100 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը` հռչակված 1991թ-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։