Անհատ տաքսիստները կազատվեն հարկային պարտավորություններից. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը կկարգավորի նաև ձևական տեխզննումը նորմալ գործընթացով փոխարինելու հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջնագծում լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել». Փաշինյան

«Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում»,-նշեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի` դա կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:

«Մանավանդ երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան այդ ուղևորներին տեղափոխել մատչելի գներով»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը շատ մոտ է այդ որոշմանը, և Հայաստանի տարածքում անհատ տաքսիստները կազատվեն բոլոր տեսակի հարկերից:

Այնուհանդերձ  Փաշինյանը նաև կարևորեց ուղևորների և երթևեկության անվտանգությունը և հավելեց, որ դա կկարգավորվի տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով:

Այս համատեքստում նա անդրադարձավ այն խնդրին, որ Հայաստանում տեխսպասարկում, ընդհանուր առմամբ, տեղի չի ունենում և ձևական բնույթ է կրում: Նա խոստացավ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք: