Լենինգրադի մարզում սպանվել է գործարար Բադրի Շենգելիան. տեսանյութ դեպքի վայրից

Բադրի Շենգելիան կարևոր վկա էր Սանկտ Պետերբուրգի «գիշերային նահանգապետ» Վլադիմիր Կումարինի գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում սպանել են հայտնի գործարար Բադրի Շենգելիային, նա տեղում մահացել է, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Շենգելիայի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել են ճամփեզրին։ Նախնական տեղեկության համաձայն` ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, որից հետո այն ընկել է առուն։

ՌԴ քննչական կոմիտեն հայտնի գործարարի սպանության վայրից տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, որ ուղևորի կողմից կրակել են մեքենայի դիմացի դռանը։ Մեքենայի սրահում կապույտ բաճկոնով տղամարդու դիակ կա։

​Գործարարի սպանության ականատեսների ինքնությունը պարզել են, քննիչներն աշխատանքներ են տանում նրանց հետ։

Վրաստանում ծնված Բադրի Շենգելիան կարևոր վկա էր Սանկտ Պետերբուրգի «գիշերային նահանգապետ» Վլադիմիր Կումարինի գործում։ ԶԼՄ-ները Կումարինին Տամբովի կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդ են անվանում (2016 թվականին նրան 23 տարվա ազատազրկման են դատապարտել)։ Շենգելիան որպես վկա էր ներգրավված նաև Քննճական կոմիտեի գնդապետ Միխայիլ Մաքսիմենկոյի գործով։

2001 թվականին Պետերբուրգի քաղաքային դատարանը Շենգելիային դատապարտել էր խարդախության համար։ Նրան ազատել էին առողջական վիճակի պատճառով, այնուհետև արդարացվել էր։

2006 թվականին Շենգելիային ձերբակալել էին Հյուսիս-Արևմուտքում իրականացրած մի շարք ռեյդերական հարձակումների կասկածով։ Դատարան էր հասել միայն 35 մլն ռուբլի արժողությամբ «Ստրոյդիզայն» ՍՊԸ-ի շենքի գրավման մասին դրվագը։ Նախաքննության ընթացքում նա ամբողջությամբ ընդունել է մեղքն ու փոխհատուցել տուժածների վնասը։ 2008 թվականի փետրվարի 5-ին դատարանը Շենգելիային մեղավոր էր ճանաչել և երկու տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում։