ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Խաղաղ բնակիչներին թիրախավորելը դատապարտելի է և անընդունելի։ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Տավուշում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասել է նա։
Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Տավուշում, Մնացականյանի խոսքով, որևէ կերպ չի նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության և թե՛ գործողությունների առումով:
ՀՀ արտգործնախարարն ասել է, որ դատապարտելի է և անընդունելի է համարում լարվածության նշանները, խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողությունները:
«Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծության են ենթարկվում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերն ու ավտոճանապարհները։
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։
Սեպտեմբերի 16-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։