Ոստիկանության 6-րդ վարչությունն ու Քննչական կոմիտեն Yerevan.today-ի խմբագրությունում են

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Yerevan.today լրատվական կայքի խմբագրության գրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան ժամը 8.30-ին Ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել yerevan.today լրատվական կայքի խմբագրություն, ներկայացրել են խուզարկություն անցկացնելու վերաբերյալ դատարանի և քննչական մարմնի որոշումները։

«Թշնամին չի ննջում». Թևան Պողոսյանը` գաղտնալսման աղմկահարույց միջադեպի մասին

Այս մասին խմբագրությունից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Ըստ լուրերի` իրավապահները կայքի գրասենյակում գաղտնալսող սարքեր են փնտրում, ստուգում համակարգիչները` պարզելու ինչպես է կայքէջը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։

Այս պահին ո՛չ իրավապահներից, ո՛չ խմբագրությունից որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։ Խմբագրության գրասենյակի դուռը փակ է, իրավապահներն ու խմբագրության աշխատակիցները` ներսում։

Կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը, Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ, նույնպես գրասենյակում է։

Օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

Վանեցյան–Խաչատրյան ձայնագրությունում պաշտոնեական լիազորություններն անցնելու տվյալներ կան

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը` իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք, որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին, ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչպես մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք ժամը 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպեցին լրագրողների հետ ու տվեցին այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները։