Երիտասարդ վարորդը Կոտայքում վրաերթի է ենթարկել հորն ու աղջկան

Կոտայքի մարզում տեղի ունեցած պատահարից հետո վարորդը չի հեռացել դեպքի վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 24-ամյա Միքայել Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QR 122 համարանիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Գեղամ Հակոբյանին և 12-ամյա Ինեսա Հակոբյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը զանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է Գ. Հակոբյանին տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ի. Հակոբյանին՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հայրապետյանն աշխատում է «Սանիթեք» ընկերությունում, իսկ վրաերթի ենթարկվածները հայր ու դուստր են, երեխան սովորում է գյուղի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։