Հայաստանի ԶՈՒ տեսչական խումբը ստուգումներ կանցկացնի Թուրքիայում

Թուրքիայի տարածքում տեսչական ստուգումները կտևեն հինգ օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացնի հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ստուգումները կանցկացվեն Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում:

Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որը կարգավորում է սպառազինությունների վերահսկման հարցերը: Այդ պայմանագրի սահմաններում Հայաստան բազմիցս այցելել են արտերկրյա ռազմական տեսչություններ, իսկ հայաստանցի մասնագետները տեսչական ստուգումներ են իրականացրել մի շարք այլ երկրներում (Թուրքիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա և այլն):