Ինչու է Հայաստանի քաղաքացիների համար այդքան կարևոր վիզայի ռեժիմի չեղարկումը

Երուսաղեմի հայ հոգևորականության ներկայացուցիչները կրկին խոսել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագիրը չեղարկելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Իսրայելի իշխանությունները կքննարկեն Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ ներմուծելու հարցը: Այդ որոշումն ընդունելը կբարձրացնի երկկողմ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև բազմաթիվ ուխտագնացների համար ճանապարհ կբացի դեպի Իսրայել: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Երուսաղեմում Սրբոց Առաքելոց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:

Հայկական հետքն Իսրայելում. ի՞նչն է միավորում Զաքարյաններին և Նապոլեոնի զինվորներին

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչները բարձրացրել են վիզայի ռեժիմն ազատականացնելու հարցը Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Իսրայելի ԱԳՆ-ում:

«Հայերի համար վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելը կնպաստի ուխտագնացների հոսքին։ Դա իր հերթին կազդի մեր ծառայության արդյունավետության վրա», — ասաց Բաղդասարյանը։

Նրա կարծիքով` ուխտագնացներից շատերն Իսրայել չեն մեկնում վիզայի հետ կապված բարդությունների պատճառով։ Բաղդասարյանը համոզված է, որ այդ որոշումը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իսրայելի հարաբերություններին։

Նա նշեց, որ այդ հարցը քննարկվել է դեռ փետրվարին Իսրայելի զբոսաշրջության նախարարի հետ։ Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբիի` Երևան կատարած այցի ժամանակ 2017թ-ի հուլիսին որոշում է ընդունվել, որ իսրայելական կողմն առանց վիզայի ռեժիմը ներմուծում է փուլերով. Սկզբում իշխանությունները չեղյալ կհայտարարեն վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար, այնուհետև` Հայաստանի շարքային բնակիչների։

Իսրայելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անեգբին ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչներին խոստացել է այդ թեման քննարկել երկրի ներքին գործերի նախարարի հետ։

Նշենք, որ այդ թեման բազմաթիվ անգամ է քննարկվել, և Իսրայելը խոստացել է վերանայել մուտքի արտոնագրի հետ կապված քաղաքականությունը։