Հրազդանում բնակելի շենքը դիտավորյա՞լ են պայթեցրել. լուսանկարներ

Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ բնակարանը դիտավորյալ է պայթեցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի բազմաբնակարան շենքում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նրա խոսքով` քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

1 / 4
Պայթյուն Հրազդանում
2 / 4
Պայթյուն Հրազդանում
3 / 4
Պայթյուն Հրազդանում
4 / 4
Պայթյուն Հրազդանում

Հիշեցնենք` երեկ`սեպտեմբերի 16-ին, ժամը 20:00-ին Հրազդանի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել էին տվյալ բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել` դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել էին նաև հարևան 3 բնակարանների բաժանարար պատերը, վնասվել ներսենյակային դռները։ Փրկարարները շենքից տարահանել շուրջ 30 բնակիչների: Պայթյունից տուժողներ չեն եղել։

Փրկարարները պայթյունի վայրում հայտնաբերել էին ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար։