Ինչո՞ւ են խուզարկել Yerevan.today–ը. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Իրավապահները տվյալներ են ստացել, որ սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է «Yerevan.today» լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, ի թիվս այլ հասցեների, օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։

«Խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է «Yerevan.today» լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից: Ըստ Google որոնողական համակարգի՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ:

Կապարակնքեցին ու «Երևան սիթիի» տոպրակներով տարան. ինչ է կատարվել Yerevan.today–ում

Լրատվական կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ՝ դրանցում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Այսօր առավոտյան ժամը 8.30-ին Ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել yerevan.today լրատվական կայքի խմբագրություն, ներկայացրել են խուզարկություն անցկացնելու վերաբերյալ դատարանի և քննչական մարմնի որոշումները։