Կապարակնքեցին ու «Երևան սիթիի» տոպրակներով տարան. ինչ է կատարվել Yerevan.today–ում

Yerevan.today կայքի խմբագրությունից խուզարկողների հեռանալուց հետո կայքի խմբագիրը որոշ պարզաբանումներ է ներկայացրել գործընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Yerevan.today կայքի խմբագրությունում խուզարկությունն ավարտվեց։ Խուզարկողներն առգրավեցին ու տարան կայքի խմբագրի համակարգիչն ու մնացած 4-5 համակարգիչների կոշտ սկավառակները

«Կապարակնքեցին ու «Երևան սիթիի» տոպրակներով տարան»,- լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով Yerevan.today կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ավարտը, ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։

Ընդ որում` խուզարկությունը, ըստ Սևակ Հակոբյանի, իրականացվել է խախտումներով։ «Կրկնակի ստուգումներից հետո առանց հիմնավորման արձանագրեցին, որ այն, ինչ փնտրում էին, չգտան, բայց առգրավեցին ու տարան»,- ասաց խմբագիրը։

1 / 5
Yerevan.today–ի գրասենյակում
2 / 5
Yerevan.today–ի գրասենյակում
3 / 5
Yerevan.today–ի գրասենյակում
4 / 5
Yerevan.today–ի գրասենյակում
5 / 5
Yerevan.today–ի գրասենյակում

Հակոբյանը հաստատեց, որ խուզարկությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ իրենց կայքում հրապարակվել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման տեսանյութը։

«Մեր կայքում հրապարակվել է ժամը 15։00-ին, երբ բազմաթիվ այլ տեղերում արդեն հրապարակված է եղել։ Մենք լրիվ սղագրել, նոր ենք դրել, դրա համար էլ մյուսները մեզանից շուտ են հրապարակել»,- ասաց Հակոբյանը` հերքելով լուրերն այն մասին, թե առաջինը Yerevan.today-ն է հրապարակել ձայնագրությունը։

«Ես սա համարում եմ ոստիկանության անպատասխանատու գործելակերպ։ Եթե ունեին տեղեկություններ, կարող էին ընդամենը ստուգել ու տեսնել, թե երբ է իրականում դրվել կայքում»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ իրավապահների գործողությունների հետևանքով Yerevan.today-ի խմբագրակազմը զրկվել է աշխատելու հնարավորությունից, խմբագրության աշխատանքը պարալիզացված է։

Գաղտնալսման թեման թեժացավ. Yerevan.today–ից բացի ևս 5 հասցեում խուզարկություն կանցկացնեն

Ինչ վերաբերում է խուզարկության ընթացքում իրենց նկատած խախտումներին, Սևան Հակոբյանը խոստացավ այդ մասին իրենց իրավաբանների հետ քննարկումից հետո հանդես գալ ասուլիսով կամ հայտարարությամբ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայքի ունեցած կապի մասին լրագրողների հարցին ի պատասխան Սևակ Հակոբյանն ասաց` կայքը Քոչարյանի հետ կապ չունի։

Հիշեցնենք, օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք, որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին, ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն»:

Главный редактор информационного агенства Yerevan Today Севак Акопян

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Այսօր առավոտյան ժամը 8.30-ին Ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել yerevan.today լրատվական կայքի խմբագրություն, ներկայացրել են խուզարկություն անցկացնելու վերաբերյալ դատարանի և քննչական մարմնի որոշումները։