Ստիպված է սպասել. Լոնդոնը չի կարող Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել

Լոնդոնը ձգտում է պատժամիջոցներ կիրառելու սեփական մեխանիզմ ստեղծել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Մեծ Բրիտանիան չի կարող Սկրիպալների գործով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ մինչև Եվրամիությունից դուրս գալը: Ինչպես հաղորդում է RT-ն, անվտանգության նախարար Բեն Ուոլեսն այդ մասին հայտնել է բրիտանական խորհրդարանի պատգամավորներին:

Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց է վերցրել Սկրիպալի գործով կասկածյալներից. տեսանյութ

Նշվում է, որ խոսքը մայիսին ընդունված «Մագնիստկսու շտկման» մասին է: Ուոլեսն ասել է, որ դա, ինչպես նաև պատժամիջոցների մասին օրենքն անհնար է կիրառել մինչև «Մեծ Բրիտանիան դուրս չգա ԵՄ-ից»:

Միաժամանակ, այդ օրենքը հնարավորություն կտա Լոնդոնին ստեղծել պատժամիջոցներ կիրառելու նոր, Բրյուսելից անջատ մեխանիզմ:

Անվտանգության նախարարը չի պարզաբանել, թե կոնկրետ երբ կարող են կիրառել Մագնիտսկու շտկումը՝ 2019թ-ի մարտին ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալուց, թե անցումային շրջանից հետո, որը տևում է մինչև 2020-ի վերջ:

Նշենք, որ մարտին Սոլսբերիում թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։