Դուխդ չգցես. Նիկոլ Փաշինյանը զանգել է Կոթի գյուղում վիրավորված տղամարդուն

Վիրավոր տղամարդը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ լուրջ վնասվածք չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից վնասվածք ստացած տղամարդուն։ Վարչապետն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմն այս գիշեր կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մոտ 60 տարեկան տղամարդ է վիրավորվել։

Ինչ է տեղի ունեցել հայկական գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ. պատմում է գյուղապետը

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Չինարին գնդակոծվել է. վնասվել է մանկապարտեզի շենքը

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին: