ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ կատարած այցի ընթացքում ծանոթացավ խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը:
«Երկում կա խաղող, որը մթերվում է 400-430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք պլանավորման խնդիր ունենք: Մենք պետք է օգնենք գյուղացիներին, որ իրենք որոշակի սորտի փոփոխություն անեն. ոչ թե գյուղացին խնդրողի դերում լինի, այլ գործարանը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով` այսօր գինու արտադրության ոլորտում փաստորեն խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք։
«Եվ պատկերացնո՞ւմ եք` խաղողը մթերում են ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի այն խաղողը, որը մթերում են 130-140 դրամով: Այսինքն՝ հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք: Կառավարությունը այստեղ և՛ խորհրդատվական, և՛ որոշակի գործիքներով աջակցություն պետք է ցուցաբերի»,- ասաց նա:
Վարչապետը խաղողի մթերման հետ կապված խնդիրները նաև քննարկեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:
Փաշինյանը նշեց, որ խաղողի մթերման խնդիրը պետք է կանոնակարգել, որպեսզի գյուղացու շահույթը պարբերաբար աճի: