Նիկոլ Փաշինյանը խոսեց Ալիևի որդու ծառայության մասին

ՀՀ վարչապետը վստահ է, որ Ադրբեջանի նախագահը շոու է ցուցադրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Այսօր մեր հարևան երկրում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ։ Սեպտեմբերի 17-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի այդ երկիրը, ինչքան էլ սոցիալական ցանցերը հսկողության տակ լինեն, այնուամենայնիվ արդեն երկու ամիս է` Ադրբեջանի ժողովուրդը հարց է դնում իր ղեկավարի առաջ` ոնց ա Հայաստանի ղեկավարի որդուն ծառայում է բանակում, քո որդին չի ծառայում։ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ Ալիևը այդքան հեշտությամբ սրում էր սահմանի իրավիճակը, որովհետև նա գիտեր, որ զոհվելու են ուրիշների որդիները, իր որդուն ոչինչ չի սպառնում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով` վերջին երեք օրում ՀՀ ԶՈՒ-ն ստիպված է եղել պատասխանել հակառակորդի կրակոցներին, որի հետևանքով ադրբեջանցի երեք զինվոր է մահացել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին բանակ է գնացել. լուսանկարներ

«Եվ դա արել են ոչ թե նրա համար, որ մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետև Ալիևի հրամանով ադրբեջանական զինված ուժերը կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ։ Նրանց լռեցնելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն էր»,- ասաց նա։

Ըստ վարչապետի` ամեն անգամ, երբ Ալիևը հոխորտում է Հայաստանի հաշվին, նա ճանապարհ է բացում հազարավոր մայրերի դժբախտության առաջ։

«Հիմա էլ նա իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկում ծառայելու։ Իմ որդին մեկնել է Արցախի Հանրապետություն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ ժողովուրդը դարձել է մեկ ընտանիք։ Մենք յուրաքանչյուր զինվորի համար ցավում ենք, ինչպես մեր սեփական որդիների համար։ Եվ հիմա, եթե Ալիևը գնում է այդ ճանապարհով, Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է պահանջի, որ նրա որդին ծառայի սահմանին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց, որ Ադրբեջանի նախագահը թքած ունի իր զինվորների կյանքի վրա, որովհետև նրան հետաքրքրում են ոչ թե իր զինվորները, այլ իր ընտանիքի միլիարդները։

«Ալիևն ամեն ինչ անում է իր ունեցածը պահպանելու համար։ Որևէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որևէ բանում, որովհետև մենք հակագործողության ենք դիմում միայն այն ժամանակ, երբ այլ տարբերակ չկա»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ Ալիևն այսօր շոու է ցույց տալիս։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները: Բանն այն է, որ զինվորական երդում է տվել Ալիևի որդին՝ Հեյդարը: