Ինչ է տեղի ունեցել հայկական գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ. պատմում է գյուղապետը

Տղամարդը գյուղի կենտրոնում է եղել, երբ ադրբեջանական գնդակը դիպել է նրան։ Կոթիի գյուղապետը մանրամասներ է հայտնել Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը երեկ` սեպտեմբերի 15-ին, 23։45-ի սահմանում սկսել են կրակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը։

«Տարբեր ուղղությամբ հնչող կրակոցները մոտ մեկ ժամ տևեցին»,- ասաց նա։

Մելիքյանը հաստատեց, որ այդ կրակոցներից մեկի հետևանքով տուժել է գյուղացիներից մեկը։

«Գիշերը, ժամը 12-ի սահմանում գյուղի կենտրոնական հատվածում գտնվող տղամարդկանցից մեկը վիրավորվել է։ Գնդակը դիպել է սրունքի հատվածին»,- ասաց գյուղապետը։

1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրա վիճակը բարվոք է:

Մելիքյանը նշեց, որ առայժմ չեն կարող ասել, թե կրակոցների հետևանքով ինչ վնասներ է կրել գյուղը։ Նրա խոսքով` կրակոցները դադարել են գիշերվա մեկի սահմանում։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվա կրակոցների հետևանքով մոտ 60 տարեկան տղամարդ է վիրավորվել։

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Չինարին գնդակոծվել է. վնասվել է մանկապարտեզի շենքը

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին: