ԵԱՏՀ–ն հայկական բիզնեսի հետ կքննարկի ներդրումային մթնոլորտի բարելավման հարցը

Հանդիպման մասնակիցները կքննարկեն ներդրումային մթնոլորտը բարելավելու, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պատվիրակությունը տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորությամբ հայ բիզնես հանրության հետ կքննարկեն երկրում ներդրումային մթնոլորտը բարելավելու հարցը, հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա Երևանում սեպտեմբերի 19-ին: Հանդիպման ընթացքում ծրագրվում է ԵԱՏՄ գործունեության արդի հարցերի լայն շրջանակ քննարկել հայ ձեռնարկատերերի հետ:

Մասնավորապես, հանդիպման օրակարգում ներառված են կարգավորիչ միջավայրը և ներդրումային մթնոլորտը բարելավելու, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղափոխության, ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր շուկաների գործունեության համար արգելքները բացահայտելու և վերացնելու հարցերը:

Հայաստանի գործարարների և տնտեսվարող սուբյեկտների միավորումների ներկայացուցիչները կարող են տալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում են ԵԱՏՀ իրավասությանը և եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը: