ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը երեկ` սեպտեմբերի 15-ին, կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։
«Մոտ 60 տարեկան տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, ոտքն է վնասվել, տարել, վիրակապել, բերել են»,- հայտնեց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։
Չինարին գնդակոծվել է. վնասվել է մանկապարտեզի շենքը
Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին: