Երևանի հիմնը` ի պատիվ փլուզվող Երևանի. փոքրիկ երգիչները բողոքի ակցիա իրականացրին

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ահազանգում են Արամի 23 հուշարձան–շենքի փլուզման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբն այսօր ստիպված է փորձերն իրականացնել ոչ թե շենքում` Արամի 23 հասցեի իր գրասենյակում, այլ շենքի բակում։ Պատճառը Երևանի պատմական շենքին սպառնացող փլուզման վտանգն է։

Իրենց այսօրինակ բողոքի ակցիայով երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, փորձում է քաղաքի ու երկրի իշխանություններին ականջալուր դարձնել խնդրին։

«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9

Բանն այն է, որ Արամի 23-ի հարևանությամբ տեղի ունեցող էլիտար շինարարությունն օրեցօր ավելի է խարխլում է պատմական շինության հիմքերը։

«Շուրջ 20 տարի առաջ այս շենքը հանձնեցին մեր կազմակերպությանը։ Բայց այնպես ստացվեց, որ այստեղ կողքից շինարարություն են կատարում, փորել են շուրջ 11 մետր, բոլոր նորմատիվների խախտելով` մտել են ավելին, քան տրված է եղել։ Շենքի հիմքի ապարները սկսել են սահել»,– ասաց Հեքեքյանը։

Նրա խոսքով` դեռ մեկ ամիս առաջ շինարարության տարածքում խոշոր փլուզում է եղել։ «Բարեբախտաբար առավոտյան ժամը 6-ին է եղել. շինարարները տեղում չեն եղել ու չեն տուժել։ Բայց դա էլ դաս չեղավ, շարունակեցին փորել»,– ասաց նա։

Հեքեքյանը դիմել է բոլոր կառույցներին` քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահին, մշակույթի և արտակարգ իրավիճակների նախարարներին, վարչապետի վերահսկողության ծառայությանն ու վարչապետին։ Բայց առայժմ` անարդյունք։

1 / 4
Բողոքի ակցիա «Փոքրիկ երգիչների» կողմից. Տիգրան Հեքեքյան
2 / 4
Митинг около здания молодых певцов (15 сентября 2018 года)
3 / 4
Բողոքի ակցիա «Փոքրիկ երգիչների» կողմից
4 / 4
Բողոքի ակցիա «Փոքրիկ երգիչների» կողմից

Հեքեքյանը նշեց, որ խնդիրը ոչ այնքան երգչախմբի աշխատավայրի փլուզվելն է, այլ պատմական հերթական հուշարձանին սպառնացող վտանգը։ Նրա խոսքով` շենքը եզակի է նրանով, որ ոչ միայն արտաքին, այլև ներքին հարդարման մեջ է պահպանվել դրա պատմական արժեքն ու միջավայրը։

«Շենքի հատակը, դռներն ու պատուհանները կառուցված են 1890- ական թվականներին ու չեն փոխվել, մենք 3 տարին մեկ վերանորոգում ենք ու չենք փոխում։ Շենքի 2 վառարանները նույնությամբ պահպանվել են»,– ասաց նա։

Բայց, ինչպես պատմեց մաեստրոն, պատմական շինության պատերն ամեն օր մի քանի միլիմետով հեռանում են իրարից։ Պատի ճեղքերի վրա փակցված թղթերը, տեղաշարժվելու պատճառով, ամեն օր պոկվում են։

Հարևանությամբ իրականացվող շինարարությունը, Հեքեքյանի տեղեկություններով, իրականացվում է «Հին Երևան» նախագծի շրջանակներում։

Բողոքի ակցիան Երևանի Արամի 23 հասցեում ավարտվեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» փոքրիկ համերգով։ Ի թիվս այլ ստեղծագործությունների երեխաները կատարեցին նաև «Էրեբունի– Երևան» երգը` Երևանի հիմնը` ի պատիվ փլուզվող Երևանի։