ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
«Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել այդ նպատակին` առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսելո՞ւ: Ես չեմ հասկանում` ո՞րն է այստեղ տրամաբանությունը` ասել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը, բայց չցանկանալ նրա հետ խոսել այդ մասին: Ադրբեջանը ինքը իրեն հակասում է»,–նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վերահաստատել է իր տեսակետը` նշելով, որ եթե Բաքուն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հետ ապրել նույն պետության կազմում, պետք է հնարավորինս շատ բանակցի հենց Լեռնային Ղարաբաղի հետ, այլապես Բաքուն ցանկանում է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղը` առանց այնտեղ ապրող մարդկանց:
«Դա կնշանակի, որ Ադրբեջանը ցանկանում է արտաքսել կամ բնաջնջել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Արդյո՞ք Բաքուն Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է հայերի դեմ նոր ցեղասպանության: Եթե դա այդպես է, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրավասու են պնդել, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության տարածքում, ինչ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար»,–նշել է ՀՀ վարչապետը: