Վարդան Մինասյանը հրաժարական կտա. ո՞վ կփոխարինի նրան. «Փաստ»

Թերթը տեղեկացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջորկաեֆը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո ֆեդերացիայում արմատական փոփոխություններ են լինելու: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Թերթի հավաստի տեղեկություններով` մասնավորաբար, ֆեդերացիայի գործադիր տնօրեն կդառնա Արմեն Մելիքբեկյանը:

«Ինչ վերաբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա նա հրաժարական է ներկայացնելու»,- նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի աղբյուրների` նա այնքան «ճամպրուկային տրամադրության» մեջ է, որ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ նույնիսկ մարզումներին չի մասնակցել: Այս պահին բանակցություններ են վարվում Յուրի Ջորկաեֆի հետ:

Юрий Джоркаефф на приеме у премьер-министра Армении Никола Пашиняна (9 июля 2018). Еревaн

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22-ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ Սիմիդյանը:

Յուրի Ջորկաեֆն աշխարհի ամենաճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է: Նրա հայրը՝ ժամանակին հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը, ծագումով կալմիկ է, մայրը՝ հայ: Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի 90-ականների «ոսկե» հավաքականի անդամ էր, 1998-ին՝ աշխարհի, 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիայի բարձրագույն պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանի դափնեկիր է: