ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Ֆրանսիա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով»,- ասել է նա:
Վարչապետի կարծիքով` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում:
«Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս»,- ասել է Փաշինյանը։
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ:
Ջորկաեֆն էլ ասել է, որ հպարտ է լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը։