Ինչպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստեփանյանը հաջողության հասավ ֆրանսիական Աժենում

Փախստականի կարգավիճակով Ֆրանսիա մեկնած Ստեփանյանը ստիպված է եղել տարբեր աշխատանքներ անել, իսկ հետո բացել է սեփական ավտոլվացման կետն ու արհեստանոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Դավիթ Ստեփանյանը փախստականի կարգավիճակով է Ֆրանսիա հասել, իսկ այսօր նա արդեն գործատու է։ Այս մասին գրում է Petit Bleu պարբերականը։ 

Դեռ մանկության տարիներին Դավիթը Ֆրանսիայի մասին գրքեր է կարդացել, սիրել է ֆրանսիական հին ֆիլմեր դիտել։

Հայուհին պատմել է ԱՄՆ–ում հաջողության հասնելու մասին. 10 կանոն Ռիտա Բալյանից

Մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստեփանյանը Ֆրանսիա է մեկնել 2009 թվականին։ Երկու տարի ապրել է երկրի հարավ-արևմուտքում` Աժեն քաղաքի փախստականների կենտրոնում։ Հետո նրա մոտ են գնացել որդին ու կինը, որը նույնպես ուսուցչուհի է։ Հինգ տարի անց կինը սկսել է աշխատել խանութում։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Դավիթը սկսել է աշխատանք փնտրել։ Առաջին գործը պահակությունն է եղել կահույքի պահեստում։ Միաժամանակ կամավորության սկզբունքով աշխատել է մարզական կենտրոնում ու պարապել երեխաների հետ։

Հետո նա տեղափոխվել է ավտոմեքենաների արհեստանոց, որ որոշ ժամանակ անց փակել է։

«Հենց այդ ժամանակ որոշեցի ավտոլվացման սեփական կետ ու արհեստանոց բացել», — ասում է Դավիթը։

Ոչ միայն արհեստանոցը բացվեց, այլև Դավիթը սկսեց մեքենաների վերավաճառքով զբաղվել։ Այսօր ոչ միայն նա աշխատանք ունի, այլև երկու հոգու էլ աշխատանքի է վերցրել։

Աշխատավայրում նա նշում է ոչ միայն ֆրանսիական, այլև հայկական տոները` Սուրբ Ծնունդը, Զատիկը հայկական առաքելական օրացույցով, ինչպես նաև Նոր տարին, որը տոնում են ԽՍՀՄ-ում ծնված բոլոր մարդիկ։

Ինչպես իսկական հայ` նա ամեն կերպ օգնում է ծնողներին։ Իսկ 2017 թվականին փաստաթղթերի հետ խնդիրները լուծելուց հետո նա առաջին հերթին եկել էհայրենի Արմավիր, որտեղ ապրում են հայրն ու մայրը։