Գյումրեցի օրենքով գող Արտյոմ Ղազարյանին ազատ են արձակել

Օրենքով գողին ազատ են արձակել 20 միլիոն դրամ գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ երեկ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել օրենքով գող Արտյոմ Ղազարյանը, հայտնում է aravot.am-ը։

Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է, որը մեկ տարի է՝ կալանավորված է։

Արտյոմ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235 հոդված 1-ին մասով՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ 2017 թվականի հունիսի 25-ին Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Պոնչիկ Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչել էին կրակոցներ, որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը։

Քրեական հետախույզները պարզել էին, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել էին Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը եւ տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը: Արտյոմ Ղազարյանն ավելի ուշ հայտնաբերվել ու կալանավորվել էր։

Կայքի տեղեկություններով, դատավոր Վարդան Գրիգորյանի այս որոշումը վրդովեցրել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։