Հայտնի է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նոր տնօրենի անունը

Հայկ Դեմոյանը վերջնականապես հրաժեշտ տվեց Հայոց ցեղասպանություն թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհուրդը ուրբաթ` սեպտեմբերի 14-ին, նոր ղեկավար է ընտրել։ Նա ազգագրագետ Հարություն Մարությանն է, Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան-ինստիտուտից։

«Մեծամասնությունը կողմ էր Մարությանի թեկնածությանը», — ասացին ինստիտուտում։

Մարությանը ծնվել է 1956թ-ին Երևանում, 1978թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 2014թ-ից մինչ օրս Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր ոչ նյութական մշակութային ծառայության հարցերի խորհրդի անդամ է։ Հարուստ փորձ ունի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտում, մեծ ավանդ ունի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ուսումնասիրման գործում։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերջին շրջանում աղմկահարույց պատմություն էր ծավալվել, որին ակտիվ մասնակցություն էր ունեցել նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։