Սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներն աջակցություն կստանան կառավարությունից

ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներին` աշնանացան հացահատիկային կուլտուրաներ ցանելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց աջակցություն տրամադրել սահմանամերձ բնակավայրերի այն գյուղացիներին, ովքեր աշնանացան հացահատիկային կուլտուրաներ կցանեն իրենց հողատարածքներում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով` աջակցությունը կկազմի 60 000 դրամ` մեկ հա-ի դիմաց: Փոխհատուցում կտրվի նրանց, ովքեր փաստացի ցանված մինչև 7հա հողատարածքներ կունենան:

«Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերում հողատարածքների մեծությունը, շահառուների թիվը կլինի շուրջ 4 000»,- ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ գումարները կփոխանցվեն Հայփոստի միջոցով, քանի որ ոչ բոլոր բնակավայրերում կան բանկային բաժանմունքներ: Նախարարը նաև շեշտեց, որ նախկինում պետական աջակցության այս ծրագրերում մեծ թվով չարաշահումներ են տեղ գտել, և կան հարուցված քրեական գործեր, կառավարությունը որոշել է աջակցման ծրագրերում ներառել միայն փաստացի ցանված հողատարածքները: