Հայաստանն արդեն պետք է պատրաստվի նոր ատոմակայանի կառուցմանը. փորձագետ

Փորձագետը կարծում է, որ պետք է հնարավոր ներդրողների փնտրել, սակայն պետք չէ մոռանալ մասնագետների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն արդեն պետք է պատրաստվի նոր ատոմակայանի կառուցմանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարաջանյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Հուլիսի վերջին «Էխո Մոսկվա» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Մեծամորի ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2040 թվականը, իսկ մինչ այդ պետք է նոր կայանի կառուցման (հնարավոր է` Ռուսաստանի հետ) համար միջոցներ գտնել։

Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա

Նոր կայան կառուցելու համար պետք է տասնամյակներ առաջ նախագծել, այդ պատճառով հիմա արդեն պետք է այդ աշխատանքը սկսել։ Փորձագետն ընդգծեց, որ դա առաջին հերթին վերաբերում է կադրերին։

Միջպետական համաձայնագրով Հայաստանը միջուկային ֆիզիկոսների համար անվճար ուսման քվոտա է ստանում Մոսկվայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։ Սակայն, փորձագետի խոսքով, ոչ ոք չի օգտվում այդ քվոտայից, քանի որ բոլոր ուսանողներին բանակ են տանում։

«Համեմատության համար կարող եմ ասել, որ Ռուսաստանն այդպիսի քվոտաներ է տրամադրել նաև Թուրքիային։ Ու ռուսական բուհում հայտնվելու համար մրցույթն այնտեղ յոթ անգամ ավելի մեծ է, քան Թուրքիայի ամենահեղինակավոր բուհերում», – ավելացրեց Մարջանյանը։

Նա նշեց, որ հայկական ԱԷԿ–ում հիմա 1800 մարդ է աշխատում, սակայն միայն 450 ինժեներատեխնիկական աշխատակից կա, այսինքն` աշխատակազմի մոտ 25%–ը։ Ռուսաստանի կայաններում ինժեներատեխնիկական աշխատակիցները 30-32% են կազմում, իսկ Եվրոպայում ու ԱՄՆ–ում ավելի քան 40-45%։

Մեծամորի ատոմակայանի վերանորոգման կանգնած տուրբագեներատորն արդեն գործում է

Բնականաբար, պետք է մտածել ոչ միայն նոր ատոմակայանի կառուցման, այլև հինը փակելու համար։ Ու այստեղ պետք է կայանի կոնսերվացիայի համար դրամը համալրել։ Հիմնադրամում տվյալ պահին միայն մի քանի միլիոն դոլար կա։

«Իհարկե, կայանի գործելու ժամկետը երկարացնելու համար փաստարկներ կան։ ՄԱԳԱՏԷ–ի հսկիչ առաքելությունը միշտ դրական է գնահատում մեր կայանի անվտանգությունը։ Իսկ ՄԱԳԱՏԷ–ն աշխարհի միակ կազմակերպությունն է, որը լիազոր է այդպիսի եզրակացություններ անել։ Չի կարելի թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ–ի հեղինակությունը «լղոզվի» ու դրա փոխարեն որոշիչ խոսք ասեն այլ կազմակերպություններ, օրինակ, «Եվրոատոմը», – ավելացրեց նա։

Հիշեցնենք` ատոմակայանն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության 35-40%–ը։ 2017 թվականին կայանը մոտ 2,4 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա է արտադրել` Հայաստանի էլեկտրաէներգիայի գրեթե 38%–ը։ Հիմա կայանը հիմնանորոգում է անցնում` շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու համար։