Խաչվերացին հաջորդող երկուշաբթին աշխատանքայի՞ն է, թե՞ ոչ

Կրթության և գիտության նախարարությունը պատասխանել է շատերին հուզող հարցին` հաջորդ երկուշաբթի տա՞նն են մնալու, թե՞ աշխատելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է, որ առաջիկա երկուշաբթի օրը` սեպտեմբերի 17-ն աշխատանքային օր է, և որևէ փոփոխություն չի կատարվել: «Ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Երիտասարդները խաչեր ու աղոթաթերթեր կբաժանվեն վարորդներին

Աշխատանքային օրվա տեղափոխումը կատարվում է ՀՀ կառավարության որոշմամբ։ Կառավարության այսօրվա նիստում նման որոշում չի կայացվել։

Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ը եկեղեցական օրացույցով մեռելոց հիշատակության օր է, քանի որ այն հաջորդում է կիրակի օրը նշվող եկեղեցական տաղավար տոներից Սուրբ Խաչին։

Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին բոլոր տաղավար տոներին հաջորդող հիշատակության օրերը ոչ աշխատանքային էին հայտարարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ անհարմարություններ չառաջացնեն աշխատանքային օրը գերեզմաններ այցելելու համար։ Այդ նպատակով աշխատանքային օրերը փոխարինվում էին շաբաթ օրերով։

Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարություններն ավելի ուշ Տիգրան Սարգսյանի այս մոտեցման մեջ որոշ խմբագրումներ մտցրին` տաղավար տոներին հաջորդող մի քանի երկուշաբթիներ ոչ աշխատանքային չհայտարարելով։

ՀՀ նոր կառավարությունն այս հարցի շուրջ պաշտոնական տեսակետ չի հայտնել, բայց Սուրբ Խաչին հաջորդող մեռելոց հիշատակության օրն էլ ոչ աշխատանքային չի հայտարարել։ Սեպտեմբերի 17-ը մնում է աշխատանքային օր։