FEDE–ն իր դռները կբացի Հայաստանի համալսարանների առջև

Եվրոպայի կրթական հաստատությունների ֆեդերացիան ուզում է Հայաստանը ներառել իր շարքերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի համալսարանները նոր հնարավորություններ կստանան Եվրոպայի կրթական հաստատությունների ֆեդերացիայում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի (FEDE) նախագահ Կլոդի Վիվյե լը Գոն, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումին մասնակցելու։

Փոփոխությունների ժամանակն է. ինչն է սխալ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում

Ֆեդերացիան ներառում է 33 երկրի մի քանի տասնյակ կրթական հաստատություններ։

«Ցավոք, Հայաստանը դեռ այդ շարքում չէ, բայց մենք հույս ունենք, որ այստեղ անհրաժեշտ ծանոթություններ ձեռք կբերենք։ Հենց այդ նպատակով ենք եկել», — ասաց նա։

Ֆեդերացիան ուզում է Հայաստանում աշխատել մի քանի ուղղություններով։ Առաջինը` զարգացնել օտար լեզուներով ուսուցումը։ Ֆեդերացիայի նախագահը ճշտեց` նախևառաջ խոսքը վերաբերում է ֆրանսերենին։ Երկրորդ ուղղությունը FEDE դիպլոմների տրամադրումն է։ ֆեդերացիայի համալսարաններն այդ դիպլոմները տալիս են կրթական կրեդիտների եվրոպական համակարգի հիման վրա։ Դիպլոմներ են տալիս ավելի քան 90 մասնագիտություններով։

«Մենք աշխատում ենք նաև զարգացնել նաև ֆրանսերենի իմացությունը, քանի որ մեր համալսարանների մեծ մասում ուսուցումը ֆրանսերեն է», — ավելացրեց FEDE նախագահը։

Իսկ օտար լեզուներ սովորելու նպատակը ո՞րն է։ Այս հարցին զուտ ֆրանսիական պատասխան հնչեց։

«Ուրիշ լեզու իմանալը նշանակում է ավելի լավ հասկանալ ուրիշ մարդուն։ Հասկանալ` ինչ են մտածում ուրիշ մարդիկ, որոնք, թվում է, մեզ նման չեն։ Ձեր սովորած լեզուն կարելի է ասել սիրո խոստովանություն է մշակույթին ու երկրին», — պատասխանեց տիկին Վիվյե լը Գոն։

«Կարծում եմ` ժողովուրդների միջև խաղաղությունը հիմնվում է հենց այդպիսի սիրո խոստովանությունների վրա։ Ու ֆրանսերենն օգտակար է իմանալ ոչ միայն այն պատճառով, որ այդ լեզվով 274 միլիոն մարդ է խոսում, այլ որովհետև սա այն լեզուն է, որով մարդկանց իրավունքների ու ժողովուրդների ներդաշնակության հանդեպ հարգանք է քարոզվում», — ավելացրեց նա։