Վազգեն Ա–ի բյուրեղապակյա տերողորմյան. որքա՞ն գումար են պահանջում Կաթողիկոսի նվերի դիմաց

Վոլգոգրադցին պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան է տվել համրիչն ի նշան երախտագիտության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Վոլգոգրադի բնակիչը պատրաստ է վաճառել Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Ա–ի տերողորմյան՝ 10 միլիոն ռուբլով:

Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Այս մասին հայտնում է «Վոլգոգրադսկայա պրավդա» պարբերականը:

Նշվում է, որ վաճառողը ոմն Ալեքսանդր Ն.– ն է, որը որոշել է համրիչը վաճառքի հանել`  ֆինանսական խնդիրների պատճառով։

«Ես որոշեցի վաճառել Հայաստանի թալիսմանը, քանի որ փողի կարիք ունեի: Ես ծառայել եմ Հայաստանում. Այդ ժամանակ է Վազգեն Առաջինն ինձ է նվիրել իր տերողորմյան, քանի որ փրկել եմ նրան», – ասում է Ալեքսանդրը։

Վոլգոգրադցին պնդում է` Կաթողիկոսի վրա քար են նետել, որը Ալեքսանդրը կարողացել է բռնել, ինչն էլ արժանացել է Վազգեն Առաջինի երախտագիտության։

«Դեռ իրական գնորդներից զանգեր չեն եղել։ Գինն, իհարկե, սակարկելի է։ Սակայն հիմա դեռ պատրաստ չեմ ասել` ինչ գումարով եմ պատրաստ վաճառել այս նվերը», – ասում է Ալեքսանդրը։

Նա նաև նշեց, որ տերողորմյան բյուրեղապակյա է։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը գլխավորել է Հայ Առաքելական եկեղեցին 1955–ից 1994 թվականներին։ Նա ամենաանվանի հայ եկեղեցական գործիչներից է, որն իր տեղն է զբաղեցրել ոչ միայն պատմության, այլ նույնիսկ եկեղեցական հավատքից հեռու կանգնած մարդկանց սրտերում։