Վանեցյան–Խաչատրյան ձայնագրությունում պաշտոնեական լիազորություններն անցնելու տվյալներ կան

Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ Աjս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սկանդալային ձայնագրության արձագանքը. Փաշինյանն ասաց, թե ինչու Վանեցյանը պետք է զանգեր իրեն

2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ «Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ։

Նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությանը։