Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում՝ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:
Այս մասին տեղեկացնում են Ազգային Ժողովի լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,- նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ:
Հիշեցնենք, որ «Շանթ 2018» լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունները Հայաստանում անցկացվում են սեպտեմբերի 11-13-ը։ Զորավարժություններն ուղղված են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակի ստուգմանը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի վտանգին, այլև թե որքան են պատրաստ բնածին և տեխնածին աղետներին։