Ուղղակի զառանցանք. Պետրոսյանի փաստաբանը հայտնել է, որ Մազուրը ստահոդ լուրեր է տարածում

Ժորինը համոզված է, որ նրա պաշտպանյալին փորձում են վարկաբեկել։ Փաստաբանի կարծիքով` նման լուրեր տարածելը Ելենա Ստեպանենկոյի ձեռքի գործն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանին ծիծաղելի է թվում մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ինքը երիտասարդ սիրուհի և երեխա ունի։ Այս մասին գրել է «Վոկրուգ TV»–ն։

Երեկ մի շարք ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ 72–ամյա Եվգենի Պետրոսյանը նոր սիրուհի ունի։ Հաղորդվել է նաև, որ սիրուհին արդեն մի քանի տարի մեծացնում է իր և Պետրոսյանի երեխային։ Այդ ինֆորմացիան տարածել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը։

«Երիտասարդ սիրուհու նման». Եվգենի Պետրոսյանը պատրաստ է ազատվել ճաղատությունից

Հայտնված տեղեկությունները մեկնաբանել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը։

«Երեկ խոսել եմ Եվգենի Պետրոսյանի հետ, նա, ինչպես և ես, ծիծաղեց։ Ես հարցրեցի` պե՞տք է արդյոք դա հերքել, իսկ նա պատասխանեց, որ այս ամենն այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ մեկնաբանելու իմաստ չկա։ Ուղղակի զառանցանք։ Մի բան է, երբ տեղեկատվությունն ինչ-որ հիմք է ունենում, մեկ այլ բան, երբ դա 100–տոկոսանոց հերյուրանք է։ Այդ տեղեկատվությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այն ուղղակի ծիծաղելի է», – ասել է փաստաբանը։

Ժորինը համոզված է, որ իր պաշտպանյալին փորձում են վարկաբեկել։ Փաստաբանի կարծիքով` նման լուրեր տարածում է հումորիստի կինը` Ելենա Ստեպանենկոն։

«Դա ապատեղեկատվություն է, որն իմ կարծիքով տարածում է Ստեպանենկոյի կողմը։ Ո՞ւմ է դա պետք։ Տեղեկատվությունը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ո՞վ է տարածում այդ ամենը։ Ինչի՞ համար։ Պետրոսյանին վարկաբեկելու, ավելին ստանալու համար, քան նախատեսվում է», – ասել է իրավաբանը։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։