Հայ երեխաների ճակատագիրը որոշված է. Նիդեռլանդների պետքարտուղարը նրանց թույլ տվեց մնալ

Հայ երեխաներին արտաքսելու հարցը լուծված է։ Հովիկն ու Լիլին Նիդեռլանդներում կմնան, բայց մյուս 400–ը թույլտվություն չեն ստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանցի Հովիկն ու Լիլին առայժմ կկարողանան մնալ Նիդեռլանդներում, բայց բացառության կարգով։ Նրանց դեպքը մյուսների համար նախադեպ դառնալ չի կարող։ Ինչպես հայտնում է Algemeen Dagblad հոլանդական թերթը, այս մասին ասել է Ապաստանի և փախստականների հարցերով Նիդեռլանդների պետքարտուղար Մարկ Հարբերսը։

Հայ 2 երեխաների հարցը Նիդեռլանդների օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է

Առայժմ չեն հայտնում` երեխաներն ում հետ են ապրելու և ինչ պայմաններում։

Հարբերսը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում երեխաների համար ժամանակավոր կացարանի կանոնները խստացվել են, «որպեսզի ավելորդ հույսեր չստեղծեն» նրանց և նրանց ծնողների համար։ Այդպիսով, նման վիճակում գտնվող դեռ 400 երեխա ապաստան չեն ստանա։

Խորհրդարանի մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել։ Նրանք կարծում են, որ մյուս փախստականները կկարողանան սա որպես նախադեպ օգտագործել և իրավական աջակցություն ստանալ հարկատուների հաշվին։

Բացի այդ, պետքարտուղար Հարբերսի հրահանգով, Նիդեռլանդների միգրացիոն իշխանությունը կուսումնասիրի` արդյոք հնարավոր է միգրանտների գործերն ավելի արագ ուսումնասիրել, որպեսզի նրանք տարիներ շարունակ Նիդեռլանդներում չմնան։

Դատարանն ուզում է արտաքսել փոքրիկ հայերին. Հովիկն ու Լիլին երբեք Հայաստանում չեն եղել

Հիշեցնենք, որ Հովիկի և Լիլիի մայրը` Արմինե Համբարձումյանը, Հայաստան էր արտաքսվել։ Նա ՀՀ քաղաքացի է։ Երեխաները` 13-ամյա Հովիկն ու 12 տարեկան Լիլին, 10 տարի Նիդեռլանդներում են ապրել, երբեք Հայաստանում չեն եղել և նույնիսկ հայերեն չգիտեն։

Algemeen Dagblad-ը կապ է հաստատել Հովիկի և Լիլիի մոր հետ ու ձայնագրել երեխաների հետ նրա զրույցը։ «Թեթևություն եմ զգում», — խոստովանել է կինը։

Նշենք, որ հայ երեխաների հարցով զբաղվել է նաև օմբուդսմեն Արման Թաթոյանը, օրեր առաջ նա այդ թեման քննարկել է գործընկերոջ` Նիդեռլանդներում երեխաների իրավունքների պաշտպան Մարգրիտ Կլավերբոյերի հետ։