ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցում էին բարոնուհու ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներ և գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը:
Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն եւ նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն բարեկամներին:
Բարոնուհին ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները, պատմել այնտեղ ունեցած հանդիպումների մասին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը: