ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ԱԺ-ի պատգամավորներն այսօր ընտրեցին Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը:
Այս մասին այսօր ԱԺ նիստի բացմանը հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը` ներկայացնելով նախօրեին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքները:
Նրա խոսքով, Արման Դիլանյանն ընտրվել է 81 կողմ, 7 դեմ ձայնով, Երվանդ Խունդկարյանը` 74 կողմ, 10 դեմ:
Արդյունքների ներկայացումից հետո ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին` վստահության համար և երդվեց խորհրդարանի առաջ, ինչպես դա պահանջում է օրենքը:
«Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը` ՀՀ ժողովրդի առաջ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- ասաց Դիլանյանը:
Հիշեցնենք` ՍԴ դատավորի պաշտոնը թափուր էր մնացել 2017թ.-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:
Թափուր պաշտոնի համար 2018թ-ի հունիսի 13-ին ներկայացվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: ԱԺ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Դանիելյանը չէր ընտրվել ներկայացված պաշտոնում: