ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում» հարցին ի պատասխան նա ասել է.
«Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք»։
Նրա խոսքով` այսօր իշխանության է եկել մի թիմ, որը փորձում է 180 աստիճանով շրջադարձ կատարել։
«Սակայն ես դրան այդքան էլ չեմ հավատում: Որոշ ժամանակ է հարկավոր հասկանալու համար՝ սա խա՞ղ է, թե՞ այս ամենը լուրջ է»,- ասել է Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին։
«Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի, և դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները և դրանց մասին երբեք չեմ խոսել»,- ասել է նա:
Քոչարյանը հայտնել է, որ վերջին 10 տարիների ընթացքում պարբերաբար շփվել է Պուտինի հետ, բայց ինքը երբեք չի փորձել օգտագործել այդ հարաբերությունները որևէ այլ նպատակներով: