ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Եթե Ալեն Սիմոնյանը փաստեր ունի, առանց վարանելու պետք է ներկայացնի իրավապահներին, այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի` ավելի վաղ հայտնած այն տեսակետին, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը գաղտնալսել են Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները:
«Եթե Ալեն Սիմոնյանն ասում է, որ իքս մարդը կամ կառույցն է գաղտնալսել, ապա ոչ թե այդ մարդն ու կառույցը պետք է արդարանան, այլ Ալեն Սիմոնյանը պետք է առանց վարանելու գնա, համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի այն հարցի վերաբերյալ, թե ով է գաղտնալսել։ Եթե նա դա չի անում, ապա մենք գործ ունենք քաղաքական մանիպուլացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»,- ասաց Շարմազանովը։
Նա նաև հայտնեց, որ հեռախոսազրույցի բովանդակությունն իր համար մտահոգիչ է, բայց ամենամտահոգիչը, ըստ նրա, պետականությանը սպառնացող հնարավոր վտանգն է, եթե մի օր էլ պարզվի, որ իր և վարչապետի, իր և ԱԳ նախարարի հեռախոսազրույցները, որոնք վերաբերել են պետականաշինությանն ու Արցախի խնդրին, հայտնվել են Ադրբեջանի ձեռքում։
Մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, կարծիք էր հայտնել, որ պաշտոնյաների հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել է հատուկ նպատակով, նախապես պլանավորված սցենարի համաձայն, ուստի և չի բացառում, որ կլինեն նոր ձայնագրությունների հրապարակումներ։
«Ես կարծում եմ՝ պլանը եղել է հետևյալը, որ նման ձայնագրություն է ի հայտ գալիս, դրա հետևանքով ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրաժարական են տալիս։ Քիչ անց հայտնվում է ևս մի ձայնագրություն, որը վերաբերում է չգիտեմ ում, գուցե ինձ կամ Նիկոլ Փաշինյանին, և հարց է առաջ քաշվում, թե դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա:
Հարցին, թե ով կարող էր պլանավորված լինել այդ սցենարը, Սիմոնյանը պատասխանել էր, որ իր կարծիքով գաղտնալսումն արել են ՀՀ երկրորդ նախագահն ու նրա փաստաբանները, որոնց միացել է նաև ՀՀԿ-ն։
«Իրենք միանալու են ընդդեմ այսօրվա գործող իշխանության, Փաշինյանի և մեր թիմի, փորձելու են մեզ վարկաբեկել»,- ասել էր Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։