ՌԱԴԻՈ

Օրբելյան. «Չի բացառվում` Քոչարյանի փաստաբանական թիմը որոշակի գործողությունների դիմի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկը` Արամ Օրբելյանը, Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման մասին։
Sputnik
Արամ Օրբելյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քննարկումների փուլում է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Որոշ գործողություններ մտածել և իրականացնում ենք։ Իրականացնելուց հետո կտեղեկացնենք։ Որոշ գործողություններ, որոնք մեզնից չեն կախված, արդեն տեղի են ունենում։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել, պետք է հասկանանք` ինչ ծավալով։ Բայց կարծում եմ` այդ ուղղությամբ իրավապահ մարմինները պետք է շարունակեն գործողությունները` ոչ միայն գաղտնալսելու, այլ նաև տվյալ անձանց կողմից միջամտել-չմիջամտելու և դատական իշխանության գործունեության անկախությունը երաշխավորելու առնչությամբ»,- ասաց նա։

Ըստ Օրբելյանի` չի բացառվում, որ իրենք էլ որոշակի գործողություններ իրականացնեն։

«Չեմ ցանկանա այս պահին ասել` ինչ գործողություններ։ Երեկ փաստաբանական թիմով 5-7 տարբեր իրավական գործողություն ենք դիտարկել»,- ասաց նա` նշելով, որ նախաքննության գործընթացում որևէ ուղղակի փոփոխության հնարավորություն չի տեսնում։

Նրա խոսքով` տրամաբանական կլիներ տվյալ անձանց հեռացումը առնվազն այս պահին, քանի դեռ չի պարզվել նրանց առնչությունը։