«Հայկական կոնյակը` որպես նվեր». լեգենդար Ֆրանկ Մյուլերը համտեսել է լեգենդար խմիչքը

Մոնակոյի Իշխանությունում հայկական խմիչքների` գինու և կոնյակի համտես է անցկացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլեր ընկերության սեփականատեր, շվեյցարացի ժամագործ Ֆրանկ Մյուլերը համտեսել է հայկական կոնյակն ու գինիների լավագույն տեսակները Մոնակոյում Հայաստանի օրերի շրջանակում։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները Facebook-ի պաշտոնական էջում։

Հայկական կոնյակի և գինու համտեսը կազմակերպվել է Մոնակոյում Հայաստանի օրերի շրջանակում Մոնակոյի «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում կայացած համերգից հետո։

«Ֆրանկ Մյուլերը փորձել է խմիչքները և հայկական կոնյակ նվեր ստացել», — նշված է հաղորդագրությունում։

Հյուրերի շարքում են եղել «SBM» ընկերությունների խմբի սոմելյե Բրունո Սկավոնը, Սոմելյեների ասոցիացիայի փոխնախագահ Ֆրեդերիկ Վեֆլենը, աշխարհի լավագույն սոմելյեներից մեկը` Արմանդ Մելքոնյանը, և երիտասարդ մասնագետ Հակոբ Եսայանը։

Համտեսի ընթացքում հյուրերը վայելել են դուդուկի հնչյունները` Լևոն Չատիկյանի կատարմամբ։

Մոնակոյի Իշխանությունում առաջին անգամ են «Հայաստանի օրեր» անցկացվում։ Միջոցառումը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Խաչատրյանն առաջին հայն է, որը ելույթ է ունեցել Մոնտե Կառլո օպերային թատրոնի բեմում։ Դա տեղի է ունեցել 1974թ-ին իշխան Ռենյե 3-րդի և նրա կնոջ` Գրեյս Քելլիի հրավերով։