Էլ ի՞նչ կարող էի անել. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում անդրադարձել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն ու դրա շուրջ հանրության մեջ առկա կասկածներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից  հետո Ռոբերտ Քոչարյանն անձամբ է բանակցել ահաբեկիչների հետ: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահն ասել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում:

Պետք է ներողություն խնդրեն ինձանից. Քոչարյանը` սկանդալային հեռախոսազրույցի մասին

«Ստիպված եղա անձամբ բանակցել ահաբեկիչների հետ, քանի որ մարդիկ, ովքեր պետք է դա անեին, պարզապես փախել էին այնտեղից»,– ասել է նա: Անդրադառնալով ահաբեկչության բացահայտված լինելու շուրջ հանրության շրջանում առկա կասկածին ու տեսակետին, թե դա կարող է ձեռնտու լինել հենց իրեն` Քոչարյանն ասել է. «Ես արել եմ հնարավորն ու անհնարը, որպեսզի այդ անվստահությունը չլինի: Բազմիցս ասել եմ, որ հետաքննությունն իրականացնող և ուժային կառույցները ղեկավարող մարդիկ վայելում էին Վազգեն Սարգսյանի ընտանիքի լիարժեք վստահությունը: Նրա եղբայրը վարչապետ էր նշանակվել: Ես հարցրեցի Արամ Սարգսյանին` գլխավոր դատախազությունում կա՞ այնպիսի մարդ, ում նա 100 տոկոսով վստահում է: Նա իր մանկության ընկերոջ անունը տվեց, որին ես առաջադրեցի գլխավոր դատախազի պաշտոնում: Քննչական խմբի աշխատանքը ղեկավարում էր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ Սարգսյանների ընտանիքին մոտ կանգնած մարդը: Էլ ի՞նչ կարող էի անել կասկածները վերացնելու համար»:

Խոսելով Վազգեն Սարգսյանի մասին` երկրորդ նախագահն ասել է, որ նրա հետ շատ էր մտերմացել արցախյան պատերազմի տարիներին: «Ես տեսնում էի, թե որքան ծանր է նա տանում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր պառակտումը: Այդ ժամանակ մենք շատ էինք շփվում, և ես տեսնում էի, թե ինչ դժվարությամբ է նա անցնում դրա միջով»,- ասել է Քոչարյանը:

Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ինքը կորցրել է հարազատ եղբորը, իսկ հիմա` Վազգենին, որին նմանեցնում էր եղբորը: