Հայերին բիթբոքս կսովորեցնեն, կամ ֆրանսիացի մասնագետների վարպետության դասերը

Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած արտիստները վարպետության դասեր կանցկացնեն ժամանակակից արվեստի, այդ թվում՝ բիթբոքսի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Caravane de Dix Mots ֆրանսիական ընկերությունը Հայաստանում ժամանակակից արվեստի վարպետության դասընթացներ է անցկացնում: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց կազմակերպության հիմնադիր Թիերի Օզերը:

Փաշինյանի «բոնժուղը» հիացրեց Ֆրանկոֆոնիայի հյուրերին

Նա Հայաստան է ժամանել մասնակցելու Ֆրանկաֆոնիայի ոչ պետական կազմակերպությունների ֆորումին: Հոկտեմբերին կրկին կգա՝ արդեն մասնակցելու Ֆրանկաֆոնիայի լիագումար գագաթնաժողովին և ամբողջ Երևանով մի քանի բաց դաս անցկացնելու:

Դրանում նրան կօգնեն արտիստներ Հայաստանից, որոնց հետ նա աշխատում է արդեն 8 տարի:

Վարպետության դասեր նրանք կանցկացնեն տարբեր հարթակներում, այդ թվում դպրոցներում, «Թումո» կենտրոնում, ինչպես նաև Ֆրանկաֆոնիայի ավանում, որը կբացվի Երևանի կենտրոնում գագաթաժողովի առիթով:

««Թումոյում» բիթբոքսի վարպետության դասընթաց կանցկացնենք, կբերենք աշխարհի չեմպիոնի կոչման բաթլների երկու հաղթողի: Թատերական արվեստի, նկարչության և գրաֆիկայի դասեր կկազմակերպենք: Բացի այդ, հայ դպրոցականներին ցույց կտանք, ինչպես հոդվածներ գրել Wiktionnaire (Wiktionary առցանց բառարանի ֆրանսիական տարբերակ) բառարանի համար», — ավելացրեց Օզերը:

«Թումոյում» նա բազմիցս է եղել և շատ տպավորված է գիտելիքի նկատմամբ սաների (որոնք պատրաստ են այնտեղ նույնիսկ գիշերել) ձգտումից:

«Գիտեմ, որ այս փորձն ուզում են ընդօրինակել աշխարհի մյուս երկրներում: Նման կենտրոն ուզում են բացել Բեյրութում, այնուհետև մեզ մոտ՝ Փարիզում: Զարմանալի չէ: Հիանալի նախագիծ է», — ասաց նա:

Caravane de Dix Mots («10 բառերի քարավան») կազմակերպությունը 97 երկրների ֆրանսիախոս արտիստների է միավորում: Երևան Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին կժամանեն արտիստներ 37 երկրից:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին բարձր մակարդակի հյուրեր են սպասվում, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: