ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին տպավորել են Հայաստանի այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են շախմատի զարգացման գործում։ Այս մասին նա ասաց այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Դվորկովիչի խոսքով` Հայաստանում շախմատի դասավանդման համակարգը ճիշտ հիմքի վրա է դրված։ Ստեղծված է մի ամբողջ շղթա` դպրոցներում դասավանդելուց մինչև դասավանդման նոր միջոցների մշակում և կադրերի պատրաստում։
«Շատ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, սովորելու շատ բան ունեն։ Ես այստեղ այնքան բան տեսա, ինչը չեմ տեսել այլ երկրներում», — ընդգծեց նա։
Դվորկովիչը նշեց, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելով` հույս ունի նպաստել այդ մարզաձևի տարածմանն ու բարելավել ՖԻԴԵ-ում կառավարման համակարգը։ Նրա կարծիքով` համաշխարհային շախմատի ամենակարևոր խնդիրը Միջազգային ֆեդերացիայում պրոֆեսիոնալ ղեկավարության բացակայությունն է։
«Մենք դոփում ենք տեղում կամ շատ դանդաղ ենք առաջ գնում։ Անհրաժեշտ է զարգացնել մարզիչների ու դատավորների պատրաստման համակարգը։ Բացթողումներ կան ֆինանսական ու մարկետինգի տեսակետից, պետք է շախմատը զարգացնել այն տարածաշրջաններում, որտեղ դրանք շատ տարածված չեն», — ընդգծեց նա։
Դվորկովիչը նշեց, որ միայնակ մարդը ոչ մի բան չի կարող անել, ու նրան շախմատի ֆեդերացիաների ազգային առաջնորդների, մարզիկների հզոր թիմ է պետք։ Նա հայտնեց նաև, որ հույս է դնում հայ ընկերների վստահության վրա։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին հայտնեց, որ հայկական կողմը պաշտպանելու է այն թեկնածուներին, որոնք երկրում ու աշխարհում շախմատի տարածմանն ուղղված ծրագրեր կներկայացնեն։ Նրա խոսքով` այդ հարցում կարևոր է ոչ թե թեկնածուի անձը, այլև նրա նախագծերը։
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան ձգտում է, որ շախմատը լայն տարածում ստանա», — ասաց նա։
Հայաստանը շախմատային սպորտում առաջատար դիրքեր է զբաղեցնում, իսկ շախմատի դասերը 2011 թվականից պարտադիր են երկրորդից չորրորդ դասարանների աշակերտների համար։ Հայ շախմատիստները պարբերաբար առաջին տեղերն են զբաղեցնում միջազգային տարբեր մրցաշարերում։