«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձևակերպումը դուրս է մնացել ԵԽԽՎ զեկույցի նախագծից

Արփինե Հովհաննիսյանը Իլհամ Ալիևին խորհուրդ է տվել հույսը չդնել Հայաստանի ներքաղաքական լարվածության վրա, այլ ներքին խնդիրներով զբաղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձևակերպումը դուրս է մնացել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծից։

Այս ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջի միջոցով տրամադրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Վաղօրոք ինֆորմացիայի հրապարակումը Արփինե Հովհաննիսյանը կապել է «Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիայի հետ»։

Զոյա Թադևոսյանի առաջարկը կարճ ճանապարհ կդառնա Արցախի հայերի ոչնչացման համար. Բաբայան

«ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում։ Պետք է նշել, որ իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձևերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետևանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձեւակերպումները»,–գրել է Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանը ընդգծել է, որ Իլհամ Ալիևը կարիք ունի հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը։ Նա նշել է, որ Ալիևը թող հույս չունենա, որ Հայաստանի ներքաղաքական հակասությունների շնորհիվ ինքը կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։

«Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում եւ փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։Դրանցից շատ ունեք»,–գրել է ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավարը։