ԱԱԾ–ն հայտնաբերել է դրամանենգությամբ զբաղվողների. փողերը մի քանի հազար դոլարի են հասնում

Ագարակցիները պարտք են եղել համագյուղացուն և որոշել են պարտքը վերադարձնել կեղծ գումարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առանձնապես խոշոր չափի դրամանենգության գործ են բացահայտել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Բադալյանը և 40-ամյա Ռոման Կարապետյանը իրենց համաքաղաքացի՝ 54-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին 10 հազար ԱՄՆ դոլար պարտք են եղել ու դրա շուրջ միմյանց հետ նախնական համաձայնության գալով՝ որոշել են պարտքը վերադարձնել կեղծ գումարներով։

Կայքի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 19-ին Հ. Բադալյանը Ռ. Կարապետյանից իրացման նպատակով ձեռք է բերել կեղծ 17 հազար ԱՄՆ դոլար և մարտի 20-ին Ագարակ քաղաքում Գ. Հովհաննիսյանի տղային՝ 22-ամյա Էրիկ Հովհաննիսյանին պարտքը մարելու պայմանով վերջինիս իրացրել է իր մոտ եղած 15 հազար ԱՄՆ կեղծ դոլարը, մնացածը նա պահել է իր մոտ։

Պարզվել է, որ մարտի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Հ. Բադալյանը Կապան քաղաքում Դ. Ա.-ին իրացրել է 900 ԱՄՆ կեղծ դոլար, այս տարվա ապրիլի 8-ին իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել և նրա մոտ հայտնաբերել մոտ 1700 ԱՄՆ կեղծ դոլար։

Փաստի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։