ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունները միտված են նաև համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու, որ դա արվել է «Շանթ-2018»-ի շրջանակներում՝ հեռացնելով համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով հասարակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ»:
ԿԳՆ-ն ընդգծում է` մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն, նույնպես շարունակում են մտահոգիչ մնալ հասարակության մեջ:
Նշենք, որ դպրոցներին ուղղված շրջաբերականում առաջարկվում է դպրոցականներին նամակ-շարադրություն գրել Զինված ուժերում ծառայություն իրականացնող զինվորներին, և այդ շրջաբերականում հստակ նշված է, որ դա «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է։