Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. առիթը գաղտնալսումներն են

Խորհրդարանի պատգամավորների 25%-ից ավելին ԱԺ նախագահին առաջարկել է արտահերթ նիստում քննարկել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Այսօր, ժամը  12:00-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Այս մասին խորհրդարանի հերթական նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա հայտնեց, որ այդ առաջարկով իրեն են դիմել ԱԺ պատգամավորների ավելի քան ¼-ը, ինչպես պահանջում է ԱԺ Կոնոնակարգ օրենքը:

Բաբլոյանի խոսքով` արտահերթ նիստի օրակարգում  «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատավարության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու» հարցն է:

Վանեցյան–Խաչատրյան զրույցի հրապարակումը շատ վտանգավոր երևույթ է. Կոստանյան

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը և կազմը կորոշվի Ազգային ժողովը որոշմամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։