Տրանսպորտն ավելի վատն է միայն Սոմալիում. քաղաքապետի թեկնածուների դատարկ խոստումները

Час пик в Ереване
Տրանսպորտային կոլապսը բոլոր առումներով ժամանակակից Երևանի համար խարազան է դարձել: Այս խնդրի լուծումը պատրաստ են առաջնահերթ կարգով լուծել նախընտրական պայքարի մեջ մտած բոլոր դաշինքներն ու ուժերն` առանց բացառության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հասարակական տրանսպորտը վերահսկող միասնական ցանցի ստեղծումը, ավտոպարկի թարմացումը, ավելի հարմարավետ և պրակտիկ մեքենաների ներդրումը և այս կամ այն գծատերերից ազատվելը Երևանում քաղաքային իշխանությունների առաջնահերթ խնդիրը պետք է լինի: Այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում»․ Զոհրաբյանը կլուծի՞ Երևանի տրանսպորտի խնդիրը

Տրանսպորտային համակարգի արդիականացումն Ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր 12 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի առանցքային կետերից մեկն է: Սակայն Եղիազարյանին այդ փաստը չի տպավորում, քանի որ թեկնածուներից նա մանրակրկիտ առաջարկներ է սպասում քաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման հարցում:

«Քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուների ծրագրերն ուսումնասիրելուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր քաղաքական ուժերը միմյանցից արտագրել են տեքստը և այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես և հատկապես ինչ միջոցներով է ապագա քաղաքապետը մտադիր ձևափոխել ոլորտը», — ասաց Եղիազարյանը:

Նա տարօրինակ է համարում որոշ թեկնածուների կողմից մետրոյի նոր կայարաններ բացելու մտադրությունը: Նրա խոսքով՝ ով էլ ընտրվի քաղաքապետի պաշտոնում, պետք է գիտակցի նման հայտարարությունների ողջ պատասխանատվությունը և պատասխան տա նախընտրական ժամանակահատվածում խոստացած, սակայն  չիրականացրած բոլոր խոստումների համար:

«Իսկ երևանցիները պահանջելու են, մի անգամ մենք արդեն զգացել ենք ժողովրդի միասնականության ուժը թավշյա հեղափոխության ժամանակ», — ասաց Եղիազարյանը:

Երևանի տրանսպորտի պատմությունը շարունակություն է ուզում. «Գազել» տեսած երևանցու երազանքը

Նա ընդգծեց, որ Երևանը սպասարկող տրանսպորտային ցանցը ողբալի վիճակում է, երթուղիներ են փակվում: Այսպես, օրինակ, մինչև 2018 թվականի վերջ պետք է մի քանի տասնյակ երթուղիներ փակվեն, ընդ որում, ոչ միայն անշահութաբեր լինելու, այլև զուտ տեխնիկական պատճառով: Հին մեքենաները շահագործելն անհնար է դառնում, իսկ նորեր գնելը փոխադրողների համար ձեռնտու չէ, բացի այդ քաղաքապետարանում տրանսպորտային համակարգի արդիականացման նախագծի հետ կապված խառնաշփոթ է տիրում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին նշեց, որ տրանսպորտային համակարգի նման անմխիթար վիճակ կարող է միայն Սոմալիում լինել: Նրա խոսքով՝ տրանսպորտային խնդիրն առաջացել է դեռ 90-ականների սկզբից:

«Գծատերեր հայտնվեցին, գազելներ բերեցին, որոնք ի սկզբանե նախատեսված էին ապրանքներ, ոչ թե մարդկանց տեղափոխելու համար, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք», — ասաց Չիլինգարյանը:

Նա օրինակ բերեց հարևան Վրաստանը, որտեղ հասարակական տրանսպորտը սկսեցին արդիականացնել 2006 թվականից: Մեր հարևանները ոչ միայն որակյալ և հարմարավետ տրանսպարտային միջոցներ ունեն, այլև մետրոպոլիտենն է ընդգրկում քաղաքի ամբողջ տարածքը: Ինչպես նաև հասարակական տրանսպորտի վերահսկման միասնական համակարգ է ներդրված և այլն: Բացի այդ ներդրված է վճարման միասնական ավտոմատացված համակարգ՝ էլեկտրոնային քարտերի միջոցով:

Երևանի քաղաքապետարանի հորդորը. ինչ անել, երբ քաղաքում տրանսպորտային ճգնաժամ է

Չիլինգարյանը դատարկ և անհիմն է համարում նաև մետրոյի նոր ճյուղերի բացման մասին խոստումները, քանի որ միայն մեկ կայարանը 100 մլն դոլար կարժենա:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն իր հերթին նշեց առավոտյան և երեկոյան ժամերին առաջացող անվերջ խցանումների պատճառը:

«Միևնույն երթուղում մի քանի ավտոբուս է աշխատում, տարբեր գծերի երթուղայիններ: Երթուղիները ծանրաբեռնված են, վարորդները փորձում են առաջ անցնել`միմյանցից ուղևոր խլելու համար: Արդյունքում այդ ամենն անարդյունավետ է աշխատում և չի համապատասխանում քաղաքային տրանսպորտի պահանջներին», — ասաց Քեյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը ամպագոռգոռ խոստումներ էր տալիս հասարակական տրանսպորտի արդիականացման մասին: Լոնդոնի և աշխարհի մյուս երկրների փորձի ուսումնասիրման հիման վրա համակարգ էր մշակված: Կիսաքանդ գազելներին փոխարինելու պետք է գային միջին չափսեր ունեցող և մեծ ու հարմարավետ ավտոբուսները: Բարեփոխումները պետք է վերաբերվեին նաև վարորդներին. նախատեսվում էր «դրես կոդ» սահմանել: Բոլոր սոցիալական խմբերի համար՝ դպրոցականներից մինչև թոշակառուներ, պետք է գործեր զեղչային համակարգ, իսկ ավտոբուսները հարմրացվեին նաև հաշմանդամություն ունեցողներին: Նման համակարգ պետք է գործեր 2018 թվականի վերջից: