ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանցիներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրել է Սկրիպալների թունավորման մեջ, սովորական քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Մենք գիտենք` ովքեր են նրանք, գտել ենք նրանց», — ասել է Ռուսաստանի առաջնորդը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նստաշրջանում։
Ռուսաստանի նախագահը կոչ է արել տղամարդկանց դիմել ԶԼՄ-ներին, որպեսզի նրանք մամուլի ասուլիս հրավիրելու հնարավորություն ունենան։
«Ուզում եմ դիմել նրանց, որ լսեն մեզ այսօր։ Թող դիմեն զանգվածային լրատվամիջոցներին։ Հուսով եմ` նրանք ի հայտ կգան ու կպատմեն իրենց մասին», — ասել է Պուտինը։
Մարտի 4-ին Սոլսբերիում թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սկրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։