ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային գաղտնալսումը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վտանգավոր ու մտահոգիչ է համարում: Այս մասին նա այսօր հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մեր երկրում իրավական անվտանգությունը վտանգված է։ Նույնիսկ ոչ թե վտանգված է, այլ կոտրված։ Եվ սա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար»,- ասել է Կոստանյանը:
Թեմայի շուրջ այլ հարցերին նա հրաժարվեց պատասխանել` չբացառելով, որ այս հարցով առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի, որտեղ իր տեսակետն ավելի մանրամասն կներկայացնի։
Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։